Իրավիճակը ճիշտ հասկանալու համար մենք պետք է ճիշտ վերլուծենք և ճիշտ դիագնոզ նշանակենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեզանում, և առաջին կարևորագույն դիագնոզը հետևյալն է. Ռուսաստանը երբեք չի խառնվել, չի խառնվում և չի խառնվելու Հայաստանի և որևէ այլ սուվերեն երկրի ներքին գործերին։
Փառք Աստծո, մեր երկրի երրորդ հանրապետության գրեթե բոլոր առաջին դեմքերը ողջ են, և մենք կարող ենք նրանց հարցնել՝ երբևէ Ռուսաստանը որևէ հարցում նրանց ճնշե՞լ է, փորձե՞լ է միջամտել Հայաստանի ներքին գործերին, թե՞ ոչ։ Եվ եթե նրանք ազնիվ լինեն, կպատասխանեն՝ երբեք։
Հիմա հարցեր են առաջանում. լավ հասկանալով, որ Ռուսաստանը չի միջամտում՝ ինչո՞ւ են Հայաստանում, հայ ժողովրդի մեջ ստեղծում տպավորություն, թե ինչ-որ վտանգներ կան Ռուսաստանից, և Ռուսաստանը փորձում է ինչ-որ մեխանիզմներով միջամտել Հայաստանի ներքին գործերին: Դա անում են, որովհետև ամեն գնով ցանկանում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից կամ ցանկանում են ստեղծված գեոպոլիտիկ լարված իրավիճակում խաղալ երկու լարի վրա, որը անհնարին է, քանզի երկրորդ լարը Արևմուտքը դա թույլ չի տալու, և վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հստակ հայտարարեց. «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը Արևմուտք գնալու, բայց Հայաստանը նաև պետք է հասկանա, որ Եվրամիությունը, Հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ թշնամաբար տրամադրված բևեռ է»: Հայաստանում մենք ևս պետք է հասկանանք, որ Արևմուտք գնալով կդառնանք Ռուսաստանի թշնամին։
Սրանք հարցեր են, որոնք էմոցիաներից և ցանկություններից դուրս են, նման հարցերը պետք է լուրջ քաղաքական անալիտիկայի ենթարկել, այլ ոչ՝ էմոցիաներով որոշումներ կայացնել։ Հիմա մեր ժողովուրդը պետք է իր համար հասկանա՝ ինքը ցանկանո՞ւմ է գնալ Արևմուտք և դառնալ Ռուսաստանի թշնամին, գնալ Արևմուտք և կանգնել Ռուսաստանի թշնամիների կողքին: Մեր ժողովուրդը ինքը իր համար պետք է հասկանա՝ մենք ցանկանո՞ւմ ենք Արևմուտքի կողմից ենթարկվելով տարբեր մանիպուլյացիաների և տարբեր խոստումներին հավատալով վտանգել մեր ժողովրդի անվտանգությունը, թե՞ ոչ։
Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում, և Հայաստանում, երբ մենք լրջագույն քննարկումների արդյունքում հասկանանք, որ մեր պետական շահերը համընկնում են Ռուսաստանի հետ՝ գնալու և կանգնելու ենք Ռուսաստանի կողքին, եթե չհասկանանք՝ վտանգելու ենք մեր պետականությունը, սա փաստ է։
Մեր քաղաքական էլիտաները, լավ իմանալով, որ Ռուսաստանը երբեք չի միջամտի Հայաստանի ներքին գործերին, դրա արդյունքում Ռուսաստանի հետ իրենց պահվածքում, խոսույթում թույլ են տալիս գռեհկություն, ագրեսիա, չճշտված ինֆորմացիաների արտահոսք և, առհասարակ, շատ հաճախ ոչ քաղաքական պահվածք, իսկ ահա Արևմուտքից զգուշավոր են, վախվորած, որովհետև լավ հասկանում են, որ Արևմուտքը խառնվում է բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, ներքին գործերին, և եթե հանկարծ Արևմուտքի հանդեպ իրենց սխալ պահեն, ապա շատ լուրջ քաղաքական ապտակ կստանան Արևմուտքի կողմից։
Մհեր Ավետիսյան